«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը ստեղծվել է 2007 թվականին` նպատակ ունենալով նպաստել բարեպաշտ և նորարարական ոգով օժտված երիտասարդ սերնդի ձևավորմանը, որպեսզի հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդները վստահորեն հանդես գան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից: Սերունդ, որ ապրելակերպի հիմքում կունենա համագործակցության, նորարարության և կոլեկտիվ մտածողության սկզբունքները: Հիմնադրամը կարևորում է այս արժեքները իբրև հայ ժողովրդի ինքնության կարևոր ու անտրոհելի մաս, համոզված լինելով, որ այդ արժեքները կրող երիտասարդները ապագա քաղաքակրթության հիմքն են լինելու: «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և հիմնադիր ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ նշում է.
-Մենք, գրեթե մեկ հազարամյակ զրկված լինելով անկախությունից և ապրելով օտարների հպատակությամբ, դարերի ընթացքում ձեռք ենք բերել այնպիսի մտածողություն և բնավորության գծեր, որոնք հարիր չեն անկախ պետության քաղաքացուն: Այսօր հայ ժողովուրդն ունի իր անկախ պետությունը: Փոխվել են հանգամանքները, պետք է փոխվի նաև մեր մտածողությունը: Հետևաբար հայության հարատևման գաղափարի իրականացման համար անհրաժեշտ են նոր մտածողությամբ և նոր արժեհամակարգով անհատ քաղաքացիներ` որակապես նոր հայեր, անկախ պետության արժանապատիվ քաղաքացու և այդ պետության տիրոջ իրավունքը գիտակցող անհատներ:
Հիմնադրամի հիմնադիրը վստահ է, որ բարեպաշտ սերնդի` նոր կերպարով հայերը, նախ և առաջ պետք է լինեն երիտասարդները` գիտելիք ստանալու ծարավով, ազգային նորարարական մտածողությամբ, նոր, որակապես այլ հասարակություն կառուցելու իդեալով: Նոր հասարակարգի հիմքում լինելու է բարեպաշտ սերունդը: Հասարակարգ, որի ձևավորման և կայացման գործում մեծ նշանակություն ունեն կրթական գործընթացները, ուստի ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնել կրթության և գիտության զարգացման վրա, առանց որի անհնար է հետագա տնտեսական առաջընթացը, չենք լինի մրցունակ և կզրկվենք միջազգային հանրությունում արժանապատիվ տեղ ունենալու հնարավորությունից:
Իր նպատակներն իրականացնելու համար հիմնադրամը կազմակերպում է դրամաշնորհների տրամադրման մրցույթներ, հատկացնում է կրթաթոշակներ և վճարում ուսման վարձերը, ֆինանսավորում է գիտահետազոտական թեմաներ, հրատարակում է մենագրություններ, տեղեկագրեր, գիտական հանդեսներ, օժանդակում է գիտական հրատարակություններին, կազմակերպում է սեմինարներ ու քննարկումներ, դասընթացներ: «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տարեկան բարեգործական ծրագրերին հատկացվում է 50 միլիոն դրամ: Յուրաքանչյուր ուսումնական տարում վճարվում են պետական բուհերում սովորող, բարձր առաջադիմություն ունեցող 200 ուսանողի ուսման վարձերը, 50 ուսանող ստանում է «Բարեպաշտ սերնդի» կրթաթոշակ: Կրթաթոշակների ու ուսման վարձերի հատկացումը կատարվում է մրցութային կարգով: Հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող սեմինարներ ու քննարկումներ` նպատակ ունենալով նպաստել բարեպաշտ սերնդի ձևավորմանը: Հիմնադրամը նաև աջակցում է հասարակության մեջ բարեպաշտական արժեքներ ամրապնդող գրքերի տպագրությանը: Իր գործունեության մեջ «Բարեպաշտ սերունդն» առաջնորդվում է բարոյական բարձրագույն չափանիշներով, գործում է ազնիվ ու թափանցիկ, հաշվետու է լինում հանրությանը` հրապարակելով իր գործունեության ու ֆինանսական հոսքերի մասին տեղեկատվությունը, ծառայում է գիտակրթական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակների, գործում է օրինականության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով: Հիմնադրամն իր խնդիրն է համարում ուսանողների ներգրավումը գիտահետազոտական գործունեության մեջ ուսումնառության սկզբնական տարիներից, հետազոտական յուրահատուկ որակներ և չկաղապարված, նորարարական մտածողություն ունեցող երիտասարդ գիտնականների, մասնագետների և ուսանողների հայտնաբերումը և խրախուսումը, հիմնադրամի ծրագրերից բխող, արտահամալսարանական լրացուցիչ կրթության կազմակերպումը, հիմնադրամի նպատակից և ծրագրերից բխող գիտահետազոտական թեմաների ֆինանսավորումը, թեմատիկ մրցույթների կազմակերպումը ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությամբ, հիմնադրամի օժանդակությամբ իրականացված աշխատանքների ներկայացումը հանրությանը, բարեգործական օժանդակությունը շնորհալի ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և գիտնականներին` կրթաթոշակների, ուսման վարձերի և դրամաշնորհների տրամադրման ձևով: Հիմնադրամն աջակցում է այն երիտասարդներին, ովքեր գիտակցում են իրենց «ես»-ի կարևորությունը և նշանակություն են տալիս այդ «ես»-ի կրթությանը, հասկանում են գիտելիքի արժեքը, ձգտում են լինել առաջատար իրենց մասնագիտական ոլորտում, ունեն առաջադեմ նորարարական միտք և կաղապարված չեն գոյություն ունեցող կարծրատիպերով:
Բարձրաձայնված ծրագրերի կատարման շրջանակներում «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 2013-ի մարտից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան բարեգործական կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է ինքնատիպ կրթական ծրագիր` «Բիզնես կրթական, խորհրդատվական կենտրոն» անվամբ: Ծրագրի ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ պատմեց.
-2013-ի գարնանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան բարեգործական կլոր սեղան հիմնադրամի հետ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը սկսեց իրականացնել իննամսյա մի ծրագիր, որն ավարտվեց նոյեմբերի 30-ին: Ծրագրի նպատակն էր փոփոխություն կատարել երիտասարդ ձեռներեցների արժեհամակարգում, որպեսզի նրանք կարողանան իրենց գործարար հարաբերությունները կառուցել բիզնես էթիկայի սկզբունքների վրա հիմնված քրիստոնեական արժեհամակարգի վրա:
Ծրագրի հեղինակը Հովհաննես Մանուկյանն ինքն է, որն ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Ժնևի համալսարանի միջեկեղեցական ինստիտուտը: Ծրագիրն ունեցել է մի քանի փուլեր` սկզբում հետազոտվել, հավաքագրվել, վերլուծվել են բիզնես էթիկայի վերաբերյալ տեղեկատվությունը, գրականությունը, արևմտյան և արևելյան եկեղեցիների փորձը: Հավաքվել է տեղեկատվություն քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող գործարարության վերաբերյալ: Այս տեղեկատվությունն ամփոփվել է գրքում, որը առաջիկայում կհրատարակվի: Այս փուլում խնդիր է եղել այնպիսի համագործակցային ցանցի ստեղծումը, որտեղ գործարարն ավելի արդյունավետ կհամագործակցի քահանայի հետ, ինչի արդյունքը պիտի դառնա եկեղեցական համայնքից ներս ավելի շատ սոցիալական ծրագրերի իրականացումը: «Երկրորդ փուլում ցանկացանք գործարարների միջև համագործակցություն ստեղծել,- պատմում է պարոն Մանուկյանը,- հատկապես փոքր ու միջին բիզնեսի, որը, ճիշտ է, մեր ժամանակներում դժվար է, բայց հնարավոր եղավ քրիստոնեական հավատի ներքո համախմբել միմյանց անծանոթ գործարարների: Հիմնական նպատակն էր` Հայաստանում ստեղծել նորմալ, քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող գործարար հարաբերություններ»:
Երկրորդ փուլում` մայիսից նոյեմբեր, երբ արդեն ձևավորվել էր շահառուների խումբը` 18-35 տարեկան երիտասարդներ, ովքեր ձգտում են կայանալ ձեռներեցության բնագավառում, անցկացվեցին սեմինարները: Շահառուներն ընտրվել են համացանցում տրված հայտարարությամբ: Մասնակցության ցանկություն են հայտնել 163 հոգի, 140-ը հավանական են համարել, որ կմասնակցեն, սակայն սեմինարների հիմնական մասնակից դարձավ 28 հոգի, իսկ մասնակիցների ընդհանուր թիվը 40-ից ավելի էր: Սեմինարներն անցկացրել են տնտեսագետներ, հրավիրվել են գործարարներ: Անխտիր բոլորի համար սկզբնական շրջանում անհասկանալի է եղել, թե քրիստոնեությունն ինչ կապ ունի գործարարության հետ, հավարտ երկրորդ փուլի այլևս այս հարցը չկար, բոլոր մասնակիցներն ընկալել էին, թե քրիստոնեությունն ինչ դեր ունի գործարար կյանքում: «Ձեր ծրագրերում ներառվա՞ծ էր բարեգործությունն իբրև քրիստոնեական արժեք»,- հարցին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց. «Մեր միտումն էր գործարարի և քահանայի միջև ստեղծել ամուր կապ, և արդեն իսկ գործարարին հաղորդելով քրիստոնեական էթիկայի գիտելիքներ, սեր դեպի եկեղեցի, որպեսզի նա իր ունեցած միջոցներից բարեգործական ձեռնարկներ իրականացնի տեղի քահանայի հետ: Սա կարևորագույն խնդիրներից է, որ փորձում էինք և պիտի աշխատենք իրականացնել»: Հարցի օրենսդրական կարգավորման տարբերակին սեմինարի շրջանակներում անդրադարձ չի եղել, քանի որ թիրախ են եղել ոչ թե իրավական, այլ բարոյահոգեբանական խնդիրները, բիզնես էթիկայի կարևորությունը ձեռնարկատիրական հարաբերություններում: Հովհաննես Մանուկյանն առանձնացնում է սեմինարների մասնակից աղջիկներին, նշելով նրանց ակտիվությունը, կատարած առաջարկները, որոնք իրականացնելու մտադրություն կա: «Խումբ ձևավորվեց մշտական մասնակիցներից, և ծրագիրը շարունակելու առաջարկն իրենցն էր»,- ասում է պարոն Մանուկյանը: 2014-ին, երբ խումբը շարունակի քննարկումները, կընդգրկվեն նոր մասնակիցներ, կհրավիրվեն գործարար արժեքների փոխանցումն ապահովող մասնագետներ, կշարունակվի համագործակցությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի հետ: Այս ընթացքում նաև այլ կազմակերպություններ են պատրաստակամություն հայտնել մասնակցելու ծրագրին, և Հովհաննես Մանուկյանը կարծում է, որ 2014-ին նրանք խորհրդատվական կամ ֆինանսական աջակցություն կցուցաբերեն իրենց աշխատանքներին: Լսելով ծրագրի գործունեության մասին նրա ղեկավարի մանրամասն ու շահագրգիռ խոսքը, չէի կարող չհարցնել, թե իրենց ծրագրերում չե՞ն ցանկանում ընդգրկել նաև լրագրողական դաշտը` մասնավորապես էթիկայի նորմերի պահպանության, քրիստոնեական չափանիշներ առանցքում ունեցող արժեհամակարգի արմատավորման ու դրսևորման առումով և հատկապես սկսնակ լրագրողների ընդգրկումով:
-Քանի որ ծրագիրը հիմնականում վերաբերում է բիզնես ոլորտին, այդ մասին չենք մտածել, մեր խնդիրն է եղել գիտելիքներ սերմանելը, որոնք գործարար հարաբերություններում գործարար արժեքներ ստեղծելու հնարավորություն կտան, գործարար արժեքներ սպառողական շուկայում: Միտքը հետաքրքիր է, կարելի է մշակել ու զարգացնել և լրագրողներին ուղղված ծրագիր իրականացնել` նկատի ունենալով, որ նրանք են տեղեկատվություն տարածում ու հասարակական կարծիքի վրա ներգործելու առավել մեծ հնարավորություններով են օժտված: Իհարկե, շեշտը նորից կդրվի երիտասարդների վրա:
-Ձեր նպատակը որքան ազնիվ, այնքան դժվար հասանելի է, փողը, ինչպես հայտնի է, հայրենիք չունի, փողից հոտ չի գալիս, ի՞նչ անել, որ ձեռներեցի գիտակցության մեջ արմատավորվի, որ փողը ունի հայրենիք, որ փողից շատ հստակ գալիս է ազնիվ կամ անազնիվ վաստակ լինելու հոտը:
-Այդ մասին շատ են գրել արևմտյան գործարարները և շատ հետաքրքիր օրինակներ են բերել: Մի հաջողակ գործարար, օրինակ, ասում է, որ ինքը ստեղծում է որակով սնունդ, որ նպաստում է մարդու առողջությանը, իսկ գնորդը սկսում է վստահել գործարարին, և սնունդը դառնում է արժեք: Մեր գործարար միջավայրում այս օրենքները կամ չեն գործում, կամ վատ են գործում, բայց Արևմուտքում շատ մեծ նշանակություն է տրվում երկարաժամկետ ձեռնարկատիրական գործունեությանը, որ հիմնվում է արժեքի վրա, կարճաժամկետ, անվստահելի ձեռնարկատիրական գործունեությունն այնտեղ ուղղակի մերժվում է: Իրենց հաջողության գրավականներից մեկը նրանք համարում են վստահելի գործարար արժեք ստեղծելը, որը կծառայի գնորդին և կլինի փոխշահավետ:
Բիզնես կրթական ու խորհրդատվական կենտրոնի մայիսից նոյեմբեր տեղի ունեցած քննարկումների և եզրահանգումների գործնական դրսևորումը դարձավ ծրագրի ղեկավար Հովհաննես Մանուկյանի հետ հարցազրույցը, որ կտպագրվի «Իրատես de facto»-ի հաջորդ համարում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի շահառուների խնդրանքով ծրագիրը շարունակվելու է և գուցե ընդգրկելու է ոչ միայն բիզնեսի, այլև այլ ոլորտներ, այնպես որ, բացի ձեռներեցներից, նաև ոչձեռներեցներն էլ հնարավորություն կունենան քրիստոնեական արժեքների հետ ի մոտո շփվելու: